ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Ալիկ Արզումանյանը և մնացյալ ձերբակալվածները վաղո՜ւց պետք է դրսում լինեին»

«Ալիկ Արզումանյանը և մնացյալ ձերբակալվածները վաղո՜ւց պետք է դրսում լինեին»
26.05.2009 | 00:00

«ՍԻՎԻԼԻԹԱՍԸ» ԵՐԲԵՔ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՉԻ ՎԵՐԱԾՎԻ»
«Իրավունքը de facto»-ի հյուրն է ԱԳ նախկին նախարար, «Սիվիլիթաս» հիմնադրամի խորհրդի նախագահ ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ
-Պարոն Օսկանյան, Դուք ասել էիք, որ կստորագրեք Լևոն Տեր-Պետրոսյանի մարտի մեկի հանրահավաքի ելույթի տակ: Ինչո՞ւ որոշեցիք այդ «փաստաթուղթն» ստորագրել:
-Չեմ ասել` կստորագրեմ ելույթի տակ, այլ ասել եմ` կստորագրեմ քաղաքացիական հասարակություն և գաղափարական առողջ ընդդիմություն ստեղծելու մտքերի տակ: Իսկ կստորագրեմ, որովհետև դրանք ժողովրդավարության հիմնասյուներն են, առանց որոնց հնարավոր չէ ժամանակակից պետություն կառուցել: «Սիվիլիթաս» հիմնադրամի ողջ գործունեությունը միտված է հենց դրան:
-Իհարկե, ժողովրդավարությունն անչափ կարևոր է ցանկացած իշխանության պարագայում: Բայց ոնց երևում է` այն հատկապես կարևոր շապիկ է և ցավ է պատճառում, երբ ընդդիմադիր դիրքերում ես: Բայց շարունակենք. հիմա, երբ ՀՅԴ-ն է «գրվել» ընդդիմություն, նրանց հանրահավաքների ու ելույթների տակ նույնպե՞ս կստորագրեք:
-Գիտե՞ք, ես որևէ մեկի, որևէ քաղաքական ուժի նկատմամբ նախապաշարմունք չունեմ: Եվ հիմա, երբ ներքաղաքական հարցերի առնչությամբ ավելի հաճախ եմ հանդես գալիս, կարծում եմ` մեր ժողովուրդն ավելի լավ կհասկանա ու կընկալի իմ ասածները: Իմ մտածողությունը շատ ազատ է: Եվ ընդհանրապես, Հայաստանում չկա մարդ, որին ես ատեմ: Չկա մարդ, որին ցանկանամ` վատ լինի: Ես բոլորովին այլ կատեգորիաներով եմ մարդկանց դատում: Այդ իսկ առումով էլ կան գաղափարներ, որոնց ես հավատում-դավանում եմ, կան գաղափարներ, որոնք չեմ կիսում, չեմ ընդունում: Ես այս (և ոչ անձերին սիրելու կամ ատելու) սկզբունքով եմ առաջնորդվում: Այնպես որ, եթե կա լավ գաղափար, կա մոտեցում, որը համահունչ է իմ մտածողությանը, ես համաձայնում եմ, չկա` չեմ համաձայնում:
-Պատահաբար չե՞ք շրջանցում հնչած հարցը. մի ժամանակ կարծես խոսակցություն կար, որ Դուք դաշնակցական «հակումներ» ունեք:
-Եթե ՀՅԴ-ն ունի գաղափարներ, որոնք ես կիսում եմ, պաշտպանում եմ այդ գաղափարները: Լինում են դեպքեր, ո՜ր...
-ԲՀԿ-ին եք պաշտպանում:
-Գիտե՞ք, ես ինչ-ինչ խնդիրներ չունեմ, և եթե ինչ-որ մեկն իմ դավանած սկզբունքներն առաջ է քաշում, ես պաշտպանում եմ, իսկ սխալին ասում եմ` սխալ է: Եվ ընդհանրապես, ես իմ քաղաքական կարիերան չեմ կառուցում այլոց ձախողումների վրա:
-Պարոն Օսկանյան, բա ինչո՞ւ մարտի մեկին չասացիք «ճիշտն ու սխալը»:
-Այսօր, երբ մարտի մեկի դեպքերից արդեն մեկ տարի է անցել, մարդիկ դեռ վիճում են ճիշտ ու սխալի մասին, Դուք ուզում էիք, որ ամսի մեկին ես կարողանայի «ճիշտն ու սխալը» հստակե՞լ: Գիտե՞ք, այդ առնչությամբ էլ շատ են շահարկումները. մարտի մեկի իմ ասուլիսի համար ես բացարձակ չեմ զղջացել: Ես դրանով հնարավորություն էի տեսնում` իրավիճակը մեղմելու, որովհետև ընդհանուր մթնոլորտից զգում էի` անդառնալի իրադարձություններ կարող են տեղի ունենալ: Եվ ես, իսկապես, որպես հայ, որպես քաղաքական գործիչ, արտաքին գործերի նախարար, փորձեցի հնարավորինն անել նման զարգացումներից խուսափելու համար:
www.youtube.com կայքէջում իմ ամբողջ ասուլիսը կարող եք նայել, թե ես այնտեղ ինչ եմ ասել. ես կոչ եմ արել և՛ իշխանություններին, և՛ ընդդիմությանը` օգտագործել պահը, հայրենասիրություն դրսևորել, նստել և իրար հետ խոսել, որովհետև զգում էի, որ իրավիճակն իսկապես ահավոր լարված է:
Գիտեք, այդ օրն իրենց քաղաքական գործիչ կամ ղեկավար անվանող մարդկանցից ամեն մեկը մի տեղ թաքնվել էր, բոլորը լռում էին, սպասում, թե ինչ զարգացում կլինի, որ հետո կողմնորոշվեն: Կողմնորոշվեն` սրա՞ կողմը, թե՞ նրա կողմը: Ես այդ օրը համարձակություն, երևի թե նաև ազնվություն ունեցա կանգնելու ժողովրդի առաջ և ասելու այն, ինչ գիտեի, ինչ ինձ փոխանցվել էր` իրավիճակը մեղմելու համար. կոչ անել ընդդիմությանն ու իշխանությանը, որպեսզի երկխոսության գնան: Ես, իհարկե, նոր բան չեմ ասում, գաղտնիք չեմ բացում. երբ ես մտնում էի ասուլիսի սենյակ, ասել եմ` մի պայմանով եմ ասուլիսի գնում, եթե Դուք, պարոն նախագահ, համաձայնություն տաք, որ եթե իմ կոչին ընդդիմությունն ընդառաջի, Դուք պատրաստ եք նստել-խոսել ընդդիմության հետ: Ինքը համաձայնություն տվել էր: Այնպես որ, ես մաքսիմումն այդ օրն արել եմ և ցավում եմ, որ ինձ նման այլ մարդիկ այդ օրը չգտնվեցին:
-Պարոն Օսկանյան, եթե ես հիմա հազար ձևերով էլ հարցնեմ, Դուք չեք գնա դրան և անուններ չեք տա, բայց կգա՞ ժամանակ, որ Դուք տաք «ամեն մեկը մի տեղ թաքնված մարդկանց» անունները:
-Անուններ տալու կարիք չկա, նայեք` ուրիշ ով չխոսեց այդ օրը. մի հոգի է խոսել` Վարդան Օսկանյանը: Եթե կար մարդ, որն իրեն ղեկավար էր զգում, էդ օրը պիտի խոսեր, ինչ-որ մի բան ժողովրդին պիտի ասեր, ժողովրդին հանգստացներ, հասկանո՞ւմ եք:
-Օ՜, Դուք Սերժ Սարգսյանի՞ն նկատի ունեք, պարոն Օսկանյան (Ռոբերտ Քոչարյանը ցանկանում էր, որ Սերժ Սարգսյանը «սափրված» լիներ ու բոլորը տեսնեին, թե ով է օրվա «պատասխանատու ղեկավա՜րը» .- հեղ):
-Անուններ տալու կարիք չկա. խոսքս վերաբերում է ընդդիմությանը, իշխանությանը, բոլորին: Այսօր փորձում են շահարկել մարտի մեկը, իմ այդ օրվա ելույթը, ես այդ մարդկանց ասեմ, որ ոչինչ չունեմ թաքցնելու, չեմ զղջացել, որ դա արել եմ, ընդհակառակը, ես համարում եմ, որ դա համարձակության ու նաև իմ անկեղծության դրսևորումն էր:
-Գիտե՞ք, պարոն Օսկանյան, Ձեր խոսքից, ենթագիտակցական սուբլիմացիոն վիճակից այնպիսի տպավորություն եմ ստանում, որ Դուք, նախ` մի տեսակ վիրավորված-նեղացած եք, որ դարձել եք, այսպես ասած, «սանիտարական միջանցք» (դա այն «միջանցքն է, որով պատերազմի ժամանակ տեղափոխում են երեխաներին և ծերերին), մեղմ ասած, «զոհ», այդ օրվա իշխանական պալատից:
-Գիտե՞ք, ինչ ուզում եք` անվանեք, ես այդ պահին հետագա անելիքները չէի մտածում, այդ օրը բախման լուրջ վտանգ կար, օդում դա երևում էր, և ինչ-որ մեկը պետք է խոսեր, հանգստացներ: Ես դա փորձեցի անել: Չստացվեց: Բայց իմ խիղճն այդ առումով հանգիստ է:
-Պարոն Օսկանյան, այդ ամենի փոխարեն Դուք կարող էիք Քոչարյանին հորդորել` զենք չկիրառել, բանակը չօգտագործել. առավել իրավաբանորեն ձևակերպած` ուժային միջոցներ և կառույցներ չհանել սեփական ժողովրդի դեմ:
- Երբ ես խոսեցի մամլո ասուլիսում, ժամը վեցն էր, առաջին կրակոցը ժամը իննին եղավ, և երբ ես նախագահի առաջ պահանջ դրեցի, որ իր անունից ասելու եմ` իշխանությունները պատրաստ են երկխոսության, իմ մտքի ծայրով իսկ չէր անցնում խոսել կամ քննարկել ուժի օգտագործման կամ չօգտագործման խնդիրը, որովհետև ենթադրվում էր, որ նման ծայրահեղ դրսևորում չպետք է լինի: Գիտե՞ք, ես չեմ կարծում, թե ինչ-որ մեկը դա հաշվարկել էր:
-Հազար ներողություն, պարոն Օսկանյան, բայց էդպես չէ, եթե չասեմ` ճիշտ հակառակն է: Օրեր շարունակ բոլորս, ինչպես Դուք ասացիք, օդում եղած արյան հոտից, բախման հեռանկարից անզոր թևաբախում էինք: Մարտի մեկին նախորդող երեկոյան Քոչարյանի տված ասուլիսն իսկ հստակ կոդեր էր պարունակում, իսկ մարտի մեկի երեկոյան ժամը 17-ից արդեն հստակ որոշում կար` արտակարգ իրավիճակ ստեղծել. Դո՞ւք հո դա գիտեք. բոլորս հետևում էինք «Հայլուրին», Մյասնիկյանի արձանի մոտ ժողովրդի ձեռքին դանդաղորեն «լոմեր» էին հայտնվում, բայց, չգիտես ինչու, արտակարգ դրությունը հաստատվեց շատ հետո, երբ պայթել էր սպայի մոտ եղած նռնակը, երբ շատ մոտիկ տարածությունից «չերյոմուխան» իր սև գործն էր արել, երբ...
-Ժամային մանրամասներին ես չեմ տիրապետում: Այդ օրը, ինչպես և դրան հաջորդած օրերին ասել եմ այն, ինչ իմացել եմ։ Չեմ մտածել հետագայի մասին, այն մասին, թե մեկ, երկու, տասը տարի անց ով ինչպես պետք է շահարկի իմ ասածը։ Ինձ համար կարևոր է եղել գոնե փորձել հանդարտեցնել կրքերը։ Ով ինչ այլ առաջնահերթություններ է ունեցել, ժամանակը ցույց կտա, և կարծեմ` արդեն ցույց տվեց։
-Եվ, այնուհանդերձ, պարոն Օսկանյան, ինչո՞վ եք բացատրում քիչ առաջ Ձեր ասած` «բոլորը փորձում էին հասկանալ, թե որ կողմ պետք է թեքվեն» իրավիճակը, որն անչափ հարազատ է հայոց պալատին. չէ՞ որ այդ օրը ոչ միայն իշխանության հարցն էր լուծվում, այլև նույն` հայ-թուրքական հարաբերությունների, Ղարաբաղի, հայ պետության։ Նկատի ունեմ հանգամանքը, որ այդ օրը ճնշման լծակ դարձավ (անկախ նրանից` ով հաղթեց կամ կհաղթեր, ի վերջո, խոսակցություն կար, որ հնարավոր է արտակարգ դրության ստեղծմամբ երկարաձգվի նաև Քոչարյանի պաշտոնավարությունը, կամ նրան վարչապետ դարձնելու որոշում կայացվի, ինչևէ) Հայաստանի համար` հետագա բոլոր կարգի զարգացումների համար:
-Մարտի մեկի հետ կապված յուրաքանչյուր անձ ինքն իր մասին կարող է խոսել: Ինձ այսօր իսկապես դժվար է և՛ ընդդդիմության, և՛ իշխանության ղեկավարների մտքերի, նպատակների մեջ մտնել և նրանց զգացումները կամ հաշվարկները գնահատել: Ես խոսում եմ իմ մասով:
-Պարոն Օսկանյան, կարո՞ղ եմ Ձեզ մի մարդկային հարց ուղղել (կարող եք և չպատասխանել). Դուք հետո այս մասին խոսեցի՞ք Քոչարյանի հետ, վերադառնո՞ւմ եք երբևէ այդ օրվան:
-Գիտե՞ք, այլոց հետ ես այս թեման չեմ քննարկել, բայց ես իմ մեջ հաճախ եմ անդրադառնում այդ օրվան. առիթ եղել է, ու ես ասել եմ. մարտի մեկը իմ` 17 տարի Հայաստանում գտնվելու դիվանագիտական և քաղաքական կարիերայի երևի թե ամենացավոտ, ամենաբարդ օրն էր, այդպիսի բան չպետք է լիներ, դա վայել չէր մեր ժողովրդին, մեր պետությանը, մեր քաղաքական կյանքին:
-Եվ, այնուհանդերձ, երկար տարիներ Դուք գիտեք Քոչարյանին, ինչո՞ւ, այնուամենայնիվ, նա այդպես ավարտեց` այդքան ցավոտ, այդքան տխուր:
-Կարելի է, չէ՞, ենթադրել, որ ոչ ոք չէր ուզում, որ այդպես ավարտվեր: Սա այնքան ցավոտ հարց է, որ ինչ էլ ասես, մեկ կամ մյուս կողմի համար վատ հիշողությունների և շահարկումների տեղիք է տալու: Կա հանձնաժողով, չգիտեմ` որքանով օբյեկտիվորեն այն կկարողանա գնահատականներ տալ կատարվածին, բայց ինձ համար նույնպես շատ հարցեր կան, որ մութ են, և ես ինքս, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, իսկապես կուզենայի իմանալ, թե այդ օրը կոնկրետ ինչ կատարվեց:
-... Անցնե՜նք առաջ: Պարոն Օսկանյան, ո՞ր կուսակցությանը Դուք կանդամագրվեք, եթե հասունանա «տեղն ու ժամը». խոսակցություններ կան, որ «Սիվիլիթասը» կդառնա կուսակցություն, նրա հենքին կվերադառնա Քոչարյանը, սակայն էլի որոշ քաղաքական ուժեր կմիավորվեն ձեզ հետ:
-Դրանք բոլորն անհեթեթ խոսակցություններ են: Մի բան կարող եմ հարյուր տոկոսով ասել. «Սիվիլիթասը» երբեք քաղաքական կուսակցության չի վերածվի: Այն պահին, երբ ես քաղաքականություն կմտնեմ, «Սիվիլիթասից» իմ հրաժարականը կտամ, կառույցը կշարունակի իր գործունեությունը. կարծում եմ, որ լավ ինստիտուտ է այստեղ ձևավորվում և՛ կադրերի, և՛ գաղափարական, և՛ ծրագրերի առումով, ինչն անպայման պետք է պահպանել: Ինչ վերաբերում է ապագային, ապա ես իմ համոզմունքներով աջ կենտրոնամետ եմ, բայց սոցիալական շեշտադրումներով և կառավարության ավելի մեծ ներգրավման կողմնակից: Տեսնում եմ` մտքում որոնում եք, թե դա ո՛ր կուսակցությունն է:
-Չէ, հանգում եմ այն եզրակացության, որ նոր կուսակցություն եք ստեղծելու:
-Գիտե՞ք, հիմա կդժվարանամ ասել, թե ինչ կանեմ, և երբ դա տեղի կունենա. ժամանակը ցույց կտա. ամեն ինչ իր ժամանակն ունի:
-Պարոն Օսկանյա՜ն, ինչո՞վ բացատրել Ձեր սառնությունը նոր նախարարի` պարոն Նալբանդյանի հետ. ի՞նչ կա արանքում, չէ՞ որ նա Ձեր երբեմնի ենթական է:
-Բացարձակապես ոչինչ չկա: Տասնյոթ տարի մենք միասին աշխատել ենք: Բայց եթե ասում եք, որ «սառնություն» է զգացվում, գուցե դրա պատճառն իմ քննադատությունն է, որի մեջ, ինչպես ասացի, որևէ անձնական բան չկա։ Իշխանությունը, պաշտոնյան պետք է հանդուրժող լինեն քննադատության հանդեպ։ Դա քաղաքական հասունության նշան է։
-Իսկ Դուք նորմա՞լ եք համարում, որ Ձեր իրավանախորդը` «մյուս» արտգործնախարարը, նստած է երկրորդ անգամ: Ալիկ Արզումանյանը:
-Ա՛յ, այդ առնչությամբ իմ կարծիքը միանշանակ է. նա և մնացյալ ձերբակալվածները վաղո՜ւց պետք է դրսում լինեին:
-Իսկ երբ Ալիկն առաջին անգամ էր «նստել», Դուք դարձյա՞լ Ձեր կարծիքը հայտնեցիք Քոչարյանին, որ Ալիկ Արզումանյանը` ՀՀ նախկին արտգործնախարարը, ՄԱԿ-ում ՀՀ երբեմնի ներկայացուցիչը, պետք է դրսում լինի, ու որ նման նախադեպ Հայաստանում չպետք է թույլ տալ:
-Այո: Միանշանակ: Ես նույնիսկ իմ խոսքերն եմ հիշում` նախագահին ասված։
-Անցանք առաջ. Երևանի քաղաքապետի ընտրություններից ի՞նչ սպասելիքներ ունեք, ի՞նչ եք կարծում` մարտի մեկ կլինի՞:
-Սպասելիք չունեմ. մեկ ակնկալիք ունեմ, որ նորմալ ընտրություններ լինեն։ Դա հերթական շանսն է` աշխարհին ցույց տալու, որ ի վերջո մեզ մոտ ինչ-որ բան է փոխվել: Այնպես որ, ամեն ինչ պետք է անել դրա համար: Բայց, դժբախտաբար, երբ մամուլին եմ հետևում` արդեն փոխադարձ մեղադրանքները, նույնիսկ ինչ-որ գզվռտոցներն այնքան էլ հույս չեն ներշնչում:
-Բռնանա՜մ Ձեր ընտրական իրավունքի վրա, պարոն Օսկանյան. բռնանամ քիչ մը. գնալո՞ւ եք ընտրությունների:
-Ընտրությունների կգնամ և կանեմ իմ ընտրությունը:
-Իսկ հիմա էքզիթ-փոլ ենք անցկացնում. ո՞ւմ ընտրեցիք, պարոն Օսկանյան:
-Սա արդեն «entry poll» եղավ: Երբ գա ընտրության օրը, միգուցե պատասխանեմ Ձեր էքզիթ-փոլին. միգուցե կհուշեմ` թե ում եմ ընտրել, իսկ հիմա...
-Պարոն Օսկանյան, Լևոն Տեր-Պետրոսյանը հետ եկավ. ի՞նչ եք կարծում` Ռոբերտ Քոչարյանը երբևէ նույնպե՞ս հետ կգա` «ա»։ Եվ բ) հանդիպո՞ւմ եք նրա հետ, ի՞նչ հարաբերությունների մեջ եք:
-Քոչարյանի անելիքների մասին Քոչարյանին պետք է հարցնել, ես նրա անունից չեմ կարող խոսել: Պաշտոնաթողությունից հետո մի քանի անգամ հանդիպել ենք:
-Ի՞նչ վիճակում է:
-Նորմալ: Ահագին ճանապարհորդում է, որքան տեղյակ եմ:
-Ինչո՞ւ է ճանապարհորդում. դարդի՞ց. Չայլդ Հարոլդ. Աբու-լալա Մահարի տարբերակո՞վ:
-Այդ և մնացած հարցերը, ինչպես արդեն ասացի, պետք է ուղղել Քոչարյանին: Իսկ կվերադառնա՞ քաղաքականություն, թե՞ ոչ, իր որոշումն է:
-Կուզե՞ք, որ վերադառնա:
-Գիտե՞ք, ես առաջ նայող մարդ եմ:
-Դուք ինձ դուր եք գալիս, պարոն Օսկանյան։ Ի դեպ, Ձեր մասին Մեթը` Բրայզա, Վաշինգտոնում («մեր մարդիկ» են փոխանցում) ասել է` «he is a good guy», ու դեռ չի հերքել այդ հայտարարությունը:
-Ադրբեջանցիք երևի թե դեռ չեն բողոքել:
Զրույցը` Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 2873

Մեկնաբանություններ